Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Իրանի հետ պատերազմ չի լինի

Իրանի հետ պատերազմ չի լինի
26.09.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
«Մտրակի և քացրաբլիթի կոպիտ քաղաքականությունն արդյունավետ է, երբ գործ ունես էշերի, ոչ թե լուրջ երկրների հետ»:
Զբիգնև Բժեզինսկի

Իրանի ատոմային ծրագրի շուրջ վերջին օրերի իրադարձությունները զարգանում են հոլիվուդյան ֆիլմի գլխապտույտ սցենարով։ Սեպտեմբերի 22-ին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հերթական նստաշրջանի բացման ժամանակ այդ կազմակերպության գլխավոր տնօրեն Մուհամմեդ ալ Բարադեյը հայտարարեց, որ իր գլխավորած կառույցի փորձագետներն Իրանում անցկացրած ստուգումների ժամանակ չեն արձանագրել այնպիսի նյութերի առկայություն, որոնք առնչություն ունենային ատոմային զենքի ստեղծմանը կամ այդ ուղղությամբ ռազմական ծրագրի իրագործմանը։ Այս հայտարարությունն անսպասելի էր և սենսացիոն այն իմաստով, որ, արևմտյան ԶԼՄ-ների պնդմամբ, անցած շաբաթ լույս աշխարհ եկած ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում Իրանը մեղադրվում էր կազմակերպության փորձագետներին ատոմային օբյեկտներ չթողնելու հարցում, միաժամանակ ապացույցներ էին բերվում ատոմային զենքի ստեղծման աշխատանքների արագացման վերաբերյալ։ Զեկուցագիրը նշում էր, որ Իրանը նշանակալիորեն մեծացրել է ատոմային վառելիք ստանալու իր հնարավորությունները՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի սահմանած արգելքը։ Եվ ահա մի քանի օր անց ականատես ենք դառնում դիրքորոշման 180 աստիճանով փոփոխության, իսկ նման բաներ, առանց ծանրակշիռ փաստարկների, քաղաքականության մեջ չեն լինում։
Այնուհետև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության երկրների ներկայացուցիչները հետաձգեցին այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում գումարվելիք «վեցյակի» հանդիպումը՝ ուղղված Իրանի դեմ պատժամիջոցների քննարկմանը։ ԱՄՆ պետքարտուղարը համաձայնել է ռուսական կողմի հետ, որ հիմա Իրանով զբաղվելու ժամանակը չէ։ Հետաքրքիր է, սակայն, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն դրանից քիչ անց հայտարարել էր, թե ԱՄՆ-ը, առկախելով մի շարք կարևոր ֆորումներին իր մասնակցությունը, ամեն գնով աշխատում է հասնել «վեցյակի» նիստի գումարման՝ Իրանի հարցով։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էլ կարծես առնվազն միջակետ դրեց այս գործընթացում։ Թեկուզև նա հրաժարվեց Իրանի ղեկավարի հետ հանդիպելուց՝ Իսրայելը երկրի երեսից ջնջելու վերջինիս հայտարարության պատճառով, բայց միաժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական երկխոսության ժամանակ հայտարարեց. «Իրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման։ Միաժամանակ, Եվրոպան անկեղծորեն հայտնում է Իրանին, որ երբեք չի կարող համաձայնել, որ նա ունենա ատոմային զենք։ Այն վտանգ կստեղծի տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»։ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր ելույթում իրանական խնդրի մասին առհասարակ լռեց։
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք։ Բոլորովին վերջերս ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը հայտարարեց, որ Վրաստանն ԱՄՆ-ի համար իդեալական պլացդարմ է՝ Իրանին հարված հասցնելու տեսանկյունից։ Նրա պնդմամբ՝ ռուսական կողմը տվյալներ ունի, որ Վրաստանի վերականգնվող ռազմական ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ԱՄՆ-ի՝ Իրան ներխուժելու դեպքում։
Սակայն այսօր բոլորովին այլ պատկեր է, և վերջին փաստերը խոսում են այն մասին, որ Իրանի հետ իբր սպասվող պատերազմը տեսանելի հեռանկարում անհնարին է։ Ակնհայտ է, որ Թեհրանին հասցվելիք հարվածի հավանականությունը, ինչպես Վաշինգտոնի, այնպես է Թել Ավիվի կողմից կտրուկ նվազել է, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը հնարավորություն կստանա Իրանի հետ բանակցությունների միջոցով բոլոր խնդիրների կարգավորման հասնելու։ Այդ մասին շարունակաբար հայտարարում է Բարաք Օբաման, համանման դիրքորոշում է արտահայտել նաև Ջոն Մակքեյնը։
Արևմտյան դիրքորոշումների այսպիսի փոփոխությունը, որքան էլ դա պարզունակ թվա, առաջին հերթին կարող է պայմանավորված լինել էներգակիրների արտահանման ոլորտում առաջացած խնդիրներով, երբ Եվրոպան փորձում է դուրս պրծնել Ռուսաստանի խեղդող գրկից։ Պատմությանը հղում անելու դեպքում արժե մտաբերել, որ 100 տարի առաջ՝ 1908-ին, Իրանում հայտնաբերվեց արդյունաբերական ծավալներով արտահանման համար պիտանի նավթ։ Այն ժամանակ դա Անգլիայի կողմից դիտարկվեց իբրև էներգակիրների հուսալի աղբյուր, որը կարող էր ապահովագրել գնային թռիչքներից և օգտակար լինել թշնամական ագրեսիայի պայմաններում։ Հենց դա մղեց անգլիական կառավարությանը՝ իր ձեռքը վերցնելու անգլո-պարսկական նավթային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։
100 տարի անց Իրանի բնական պաշարները դարձյալ կարևոր նշանակություն ունեն Արևմտյան Եվրոպայի էներգաապահովման գործում՝ ընդդեմ այլ վտանգի։ Ռուսաստանն այսօր մատակարարում է Եվրամիության կողմից օգտագործվող գազի 40%-ը, և Կրեմլում չեն թաքցնում, որ մտադիր են ուժեղացնել ճնշումը։ Այդ համատեքստում Ռուսաստանին ձեռնտու է Իրան-ԱՄՆ խորքային հակադրությունը, ինչի արդյունքում իրանական գազի ահռելի պաշարները անհասանելի են եվրոպական սպառողին, դրան գումարած՝ առկա է նավթի գների գրեթե մշտական աճ, ինչը ռուսական տնտեսության հիմնական եկամտաբեր ոլորտներից մեկն է։ Այս իրողությունը շատ կողմերով բացատրում է Իրանի ատոմային ծրագրի շուրջ արևելյան դիրքորոշումների փոփոխությունը։ Մանավանդ որ Իրանի նավթի նախարար Ղոլամհուսեյն Նազարին վերջերս դիմեց ավստրիական նավթագազային ընկերությանը՝ Թեհրանին «Նաբուկո» գազամուղի կառուցման ծրագրի մեջ ընդգրկելու առաջարկով։ «Բոլորն ընդունում են, որ այդ ծրագրի իրագործումն առանց Իրանի մասնակցության տնտեսապես ձեռնտու չէ և անհնարին է։ Ի վերջո, չի կարելի շարունակաբար անտեսել այն երկիրը, որը տիրում է համաշխարհային գազի պաշարների 16%-ին»,- հայտարարեց Նազարին, որին ի պատասխան ավստրիական ընկերության տարածաշրջանային մենեջեր Վոլֆրանգ Սպորերը նշեց. «Իրանի շուրջ քաղաքական իրավիճակի բարելավման դեպքում Թեհրանը նույնպես կարող է ընդգրկվել այդ ծրագրում»։
Սակայն այսպիսի որոշումը մինչ վերջերս լուրջ վերապահություններ կառաջացներ Վաշինգտոնում։ Ամերիկացիներն անհանգստանում են, որ Իրանի ներգրավումը նման ծրագրում կխառնի իրենց բոլոր խաղաքարտերը Մերձավոր Արևելքում։ Մյուս կողմից էլ՝ Եվրոպան չի կարող գնալ Իրանի հետ համագործակցության՝ առանց կարգավորելու Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները և Իրանն ապահովագրելու ամերիկյան հարձակումից։ Թեպետ այսօր էլ Եվրամիությունն Իրանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ դաշտում ակտիվ են հատկապես Գերմանիան և Իտալիան, չնայած քաղաքական առումով եվրոպացիները մինչ օրս հետևել են ամերիկյան գծին։
Բայց ժամանակն անցնում է, և փոփոխություններ կան նաև ամերիկացիների տրամադրություններում։ «ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության արդյունքն Իրանի դեմ կլինի այն, որ նա կդառնա ատոմային տերություն»,- նշել է Զբիգնև Բժեզինսկին։ Կոլումբիական համալսարանի փորձագետ Հարի Սիկը գտնում է, որ Վաշինգտոնը կարող է շուռ գալ 180 աստիճանով և օգնել Իրանին, իսկ ԿՀՎ-ի նախկին գործակալ Ռոբերտ Բերը համարում է, թե ԱՄՆ-ը չպետք է խանգարի Իրանին՝ իշխելու իսլամական աշխարհում, այլ պետք է համագործակցի նրա հետ։ Իրաքի տարածք ամերիկյան ներխուժումից հետո Թեհրանն էլ էր առաջարկել Վաշինգտոնին՝ կնքել համապարփակ համաձայնագիր և կարգավորել բոլոր վիճելի հարցերը. ատոմային ծրագիրը, «Համաս» և «Հզբոլլահ» խմբավորումներին Իրանի աջակցության դադարեցման հարցը և այլն։ Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնին և նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը դեմ եղան դրան և հնարավորությունը բաց թողեցին։
Ցանկացած տարբերակով ԱՄՆ-Իրան դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անչափ կարևոր նշանակություն ունի, և, իրանական «Մեռ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի առևտրի աջակցության կազմակերպության նախագահը վերջերս նշել է, թե Թեհրանն ԱՄՆ-ի հետ առևտրում այսօր սահմանափակումների չի ենթարկվում։ Միաժամանակ Իրանի իշխանությունները ողջունեցին հրադադարի հաստատումը Լիբանանում և Գազայի հատվածում։ Ինչպես նշում է ռուսական «Ռիա Նովոստին». «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերականգնելու ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե դա տեղի ունենա հավասարության և արդարության սկզբունքների հիման վրա»,- ամերիկյան «Լոս Անջելես թայմս» թերթին հայտնել է Իրանի նախագահը։ Ավելին, ամերիկյան բուհերի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ նա կոչ է արել ԱՄՆ-ի ապագա նախագահին՝ գնալ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման։ Փորձագետների պնդմամբ, եկող տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, երբ Մահմուդ Ամադինեժադը սպառի իր լիազորությունները, հնարավոր է, որ նախագահ դառնա պրագմատիկ պահպանողականներից մեկը, և ԱՄՆ-ում նոր նախագահի առկայության պայմաններում միգուցե ստեղծվի հարաբերությունների կարգավորման հնարավորություն։ Հիմա, երբ բնական ռեսուրսներն օրեցօր թանկանում են, և Եվրամիության ղեկավարներին հետապնդում է դիտավորյալ կամ պատահաբար ռուսական գազից զրկվելու հեռանկարը, Իրանի հետ «գաղափարախոսական տարաձայնությունները» պարզապես մանրուք են և, բնականաբար, պետք է մղվեն երկրորդ պլան։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5109

Մեկնաբանություններ